Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Ռուսաստանի ազգային-բոլշեւիկյան կուսակցության 39 անդամների նկատմամբ կայացված դատավճռի դեմ ուղղված բողոքը, ովքեր դատապարտվել են 2004 թվականին ՌԴ նախագահի ընդունարանը գրավելու համար: Այս մասին «Ռապսի» գործակալությանը հայտնել է փաստաբան Դմիտրի Ագրանովսկին:

Gazeta.ru-ն հիշեցնում է, որ 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, ազգային-բոլշեւիկյան կուսակցության 40 ակտիվիստներ գրավել էին երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովի աշխատասենյակը եւ պահանջել նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը: Նրանք ներսից մետաղական սեյֆով փակել էին դուռը եւ մոտ 40 րոպե հակակառավարական կարգախոսներ էին հնչեցրել եւ թռուցիկներ նետել: ՕՄՕՆ-ի աշխատակիցները աշխատասենյակը հետ են վերցրել գրոհով եւ ձերբակալել ներսում գտնվողներին:

Մոսկվայի Տվերի դատարանը 2005 թվականի դեկտեմբերի 8-ին քրեական պատասխանատվության է ենթարկել 31 ակտիվիստների: Վերացված կուսակցության 8 անդամներ դատապարտվել են 1,5-3,5 տարվա ազատազրկման:
Դատարանը նրանց բոլորին մեղավոր է ճանաչել զանգվածային անկարգությունների մեջ, թեեւ սկզբում նրանք մեղադրվում էին բռնի իշխանությունը զավթելու փորձի մեջ: