Վրաստանում ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան վստահեցրել է, որ 6 վրացական գինու գործարաններ արդեն փետրվարին կվերականգնեն իրենց արտադրանքի առաքումը ռուսական շուկա: Այս մասին նա հայտարարել է Թբիլիսում կայացած մամուլի ասուլիսում` Մոսկվա կատարած իր այցից հետո, որտեղ հանդիպել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի հետ:
«Ռուսական կողմը հայտնել է, որ փաստացի ավարտվել են բանակցությունները 6 վրացական ընկերությունների հետ: Հունվարին նախատեսված է սերտիֆիկացման ավարտական փուլը»,-ասել է Կուկավան:
Ընդդիմադիր գորչի կանխատեսմամբ, վրացական ընկերությունները կկարողանան Ռուսաստան արտահանել տարեկան մոտ 10 մլն շիշ գինի, թեեւ նախքան Ռուսաստանի կողմից էմբարգոյի կիրառումը այդ ցուցանիշը մի քանի անգամ բարձր էր: Նա նաեւ Վրաստանի իշխանություններին կոչ է արել չխանգարել ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններին:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները գինի արտադրող վրացական ընկերություններին խորհուրդ էին տվել ձեռնպահ մնալ ռուսական կողմի հետ համագործակցությունից, որպեսզի նորից չդառնան քաղաքական հանգամանքների պատանդը:




























