Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը (ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները համապատասխանաբարխմբ.), ինչպես նաեւ Արթուր Վանեցյանը (ԱԱԾ նախկին տնօրենխմբ.) եւ այլ նմանատիպ մարդիկ կօգնեն մեզ հաղթել առաջիկա ընտրություններում։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա վստահ է, որ հենց այս անձինք հայտնվեն եթերում, իշխանությունների վարկանիշը կբարձրանա։ Սիմոնյանն ավելացրել է, որ եթե միանան Վազգեն Մանուկյանը (ՀՀ նախկին վարչապետխմբ.) եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, իշխանությունների վարկանիշը կբարձրանա եւս 5 կետով։ «Եթե նրանք բոլորը միասին սկսեն ինչ-որ բան անել, ապա մենք կարող ենք նույնիսկ տնից դուրս չգալ»,- նշել է նա։

Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կշփվի ժողովրդի հետ եւ կստանա 50 տոկոս+1 ձայն եւ, ամենայն հավանականությամբ, կձեւավորի միանձնյա կառավարություն եւ կշարունակի բարեփոխումները։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ որեւէ ուժի հետ կոալիցիա չի լինելու։

Նրա գնահատմամբ՝ նախորդ խորհրդարանական ընտրություններում իշխանությունների հաղթանակի բանալին ՀՀ երկրորդ նախագահի հանրահավաքն էր։ Խորհրդարանի նախագահը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է Հայաստանը միացնել Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությանը։