Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին, այսօր` հունվարի 4-ին, Իվանյան գյուղում մասնակցել է կապիտալ վերանորոգված Վալերի Մարությանի անվան ռազմական հոսպիտալի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է այս հաստատության նշանակությունը պաշտպանության բանակի համար՝ նշելով, որ զինծառայողների բուժսպասարկման խնդիրը հանդիսանում է զինված ուժերի մարտունակության կարեւոր բաղադրամասերից մեկը, եւ պետությունն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում կպահի նմանատիպ խնդիրների լուծումը:

Նույն օրը նախագահները ներկա են գտնվել նաեւ պաշտպանության բանակի ուսումնական կենտրոններից մեկում կազմակերպված ցուցադրական պարապմունքներին, որից հետո ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հանդիպում են ունեցել պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ:

Միջոցառումներին մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: