Պարսից ծոցի անվանափոխության վերաբերյալ որոշ հայտարարություններին ի պատասխան՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Պարսից ծոցը հավերժ կմնա Պարսից ծոց, հաղորդում է Mehr-ը։
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին մայիսի 7-ին, հայտարարել էր, որ Պարսից ծոցը պարզապես աշխարհագրական անվանում չէ։ Դա իրանական ազգի պատմական ինքնության մի մասն է։
Նա ընդգծել է, որ նրանք, ովքեր ձգտում են փոխել «Պարսից ծոց» անվանումը, չեն հասկանում Իրանի հազարամյակների փայլուն պատմությունը։
Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ քաղաքական դրդապատճառներով Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու փորձերը ցույց են տալիս Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ թշնամական մտադրությունները և խստորեն դատապարտվում են։
«Պարսից ծոցի անվանումը, ինչպես շատ այլ աշխարհագրական անվանումներ, խոր արմատներ ունի մարդկության պատմության մեջ։ Իրանը երբեք չի առարկել այնպիսի անվանումների օգտագործմանը, ինչպիսիք են Օմանի ծովը, Հնդկական օվկիանոսը, Արաբական ծովը կամ Կարմիր ծովը։ Այս անվանումների օգտագործումը չի ենթադրում որևէ կոնկրետ ազգի պատկանելություն, այլ՝ արտացոլում է մարդկության կոլեկտիվ ժառանգության նկատմամբ ընդհանուր հարգանքը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Associated Press-ը, հղում անելով կառավարական աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայտարարել Միացյալ Նահանգներում լեզվական նորմի փոփոխության մասին և առաջարկել Պարսից ծոցը անվանել Արաբական։
Թրամփը նախատեսում է որոշումը ներկայացնել Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ժամանակ։ Արաբական պետություններն իրենք են պնդում վերանվանել տեղանունը։





























