Ըստ Գերմանական լրատվամիջոցների հետաքննության՝ պաշտոնապես փակված Պետերբուրգյան երկխոսության մասնակից գերմանացիներն ու ռուսները գաղտնի հանդիպել են Բաքվում։

Ազդեցիկ գերմանացի քաղաքական գործիչների և Կրեմլին առնչվող պատվիրակության միջև գաղտնի հանդիպման թեման, ըստ երևույթին, 2001 թվականին Գերհարդ Շրյոդերի և Վլադիմիր Պուտինի հիմնադրած «Պետերբուրգյան երկխոսության» ապագան էր, նշված է ARD Kontraste հանդեսի և Die Zeit պարբերականի հետաքննության մեջ:

Լրագրողները պարզել են, որ 2024 թվականի ապրիլից ի վեր արդեն երեք հանդիպում է տեղի ունեցել, վերջինն այս տարվա ապրիլին Բաքվում էր։ Մասնակիցների թվում է եղել Բունդեսթագի պատգամավոր Ռալֆ Շտեգները՝ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, որը գաղտնի ծառայությունների մոնիթորինգի հանձնաժողովի անդամ էր, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Շտեգներին ուղեկցել է «Պետերբուրգյան երկխոսությանն» առնչվող գերմանացի քաղաքական գործիչների խումբը։ Բաքու իր ուղևորության մասին հարցին Ստեգները պատասխանել է, որ չի մեկնաբանում անձնական հարցերը, այնտեղ աշխատանքայինայցով չի եղել և չի ֆինանսավորվել։

Ռուսական կողմից Բաքու են ժամանել Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ և «Գազպրոմի» նախկին ղեկավար Վիկտոր Զուբկովը, որը երկար ժամանակ ղեկավարել է ֆորումը ռուսական կողմից, ինչպես նաև Պուտինի խորհրդական Վալերի Ֆադեևը։

Նման հանդիպումները ազդանշան են, որ, չնայած Ուկրաինայի պատերազմին, Գերմանիայում կան գործիչներ, որոնք ձգտում են կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, նշել է Գերմանիայի միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի Սաբինա Ֆիշերը։ Նրա կարծիքով, նման հանդիպումներում ռուսների նպատակն է գերմանական քաղաքականության վրա ազդելու ուղիներ գտնելը։