Բրիտանացիների մեկ երրորդը 2011 թվականին ամուսնալուծությունների պատճառներից մեկը նշել է Facebook սոցիալական ցանցում ամուսնու գործողությունները: Այդ մասին են վկայում ամուսնալուծության ընթացքում աջակցություն ցուցաբերող մասնագիտացված Divorce-Online.co.uk կայքի անցկացրած հետազոտության արդյունքները:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է ամուսնալուծության 5 հազար դիմում: Divorce-Online-ին հաջողվել է պարզել այն հիմնական պատճառները, որոնցով Facebook-ը կործանում է բրիտանական ամուսնությունները: Ամենից շատ ամուսնալուծվողները բողոքում են նրանից, որ իրենց ամուսինները անվայել հաղորդագրություններ են գրել հակառակ սեռի ներկայացուցիչներին (այսինքն` սեթևեթել են սոցիալական ցանցում): Բացի դրանից, բրիտանացիներն իրենց կեսի անվայել պահվածքի մասին շատ հաճախ իմացել են վիրտուալ ընկերներից:

Նման հետազոտություն արդեն կատարվել էր 2 տարի առաջ, բայց այն ժամանակ Facebook-ը որպես պատճառ նշվում էր միայն ամուսնալուծման ամեն հինգերորդ դեպքում:

Facebook-ն ամենահանրահայտ սոցիալական ցանցն է աշխարհում: Նրա ակտիվ գործածողների թիվը հասնում է շուրջ 800 միլիոն մարդու: