Իսրայելի նախկին վարչապետ Էխուդ Օլմերտին պաշտոնապես մեղադրել են կոռուպցիայի մեջ` Holyland շինարարական ընկերության գործով: Այս մասին հայտնում են իսրայելյան լրատվամիջոցները: Նրանք նշում են, որ Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ կառավարության նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:
Դատախազության պնդմամբ` Օլմերտը Երուսաղեմի քաղաքապետ եղած տարիներին շինարարական նախագծերի թույլտվության համար կաշառքներ է վերցրել: Մասնավորապես, նա մեղադրվում է իսրայելական մայրաքաղաքում էլիտար բնակելի համալիրի կառուցման գործում: Իր ծառայությունների համար, ըստ դատախազության, Օլմերտը շուրջ մեկ միլիոն շեկել է վերցրել (մոտ 260 հազար դոլար):
Holyland-ի գործով մեղադրանք է ներկայացվել նաեւ նախկին վարչապետի գրասենյակի ղեկավար Շուլե Զաքենին եւ Երուսաղեմի նախկին քաղաքապետ Ուրի Լուպոլյանսկիին: Վերջինիս կասկածում են 750 հազար դոլարի կաշառք վերցնելու մեջ:
Holyland-ի գործը համարում են Իսրայելի պատմության խոշորագույն կոռուպցիոն սկանդալը: Ընդհանուր առմամբ, դրանում ընդգրկված են 18 կասկածյալներ:
Գործի նյութերում առկա է գործարարներից մեկի ցուցմունքը, որը վստահեցնում է, որ Օլմերտը եւ այլ պաշտոնատար անձինք կաշառքներ են վերցրել` խոստանալով իրենց հովանավորության տակ առնել: Նախկին վարչապետն ինքը պնդում է, որ միանգամայն անմեղ է, գրում է Lenta.ru-ն:




























