Իրանի եւ Ռուսաստանի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ հեռախոսազրույց է կայացել: Կրեմլի մամուլի  ծառայությունը հաղորդում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

Երկկողմ համագործակցության հարցերի հետ մեկտեղ, նախագահները քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Կողմերը քննարկել են Կասպից ծովի իրավական  կարգավիճակի կոնվենցիայի գործընթացի շուրջ ջանքերն ակտիվացնելու, Կասպից ծովի հիմնախնդիրների, շրջակա միջավայրի, ձկնորսության եւ այլ  հարցեր: Ընդգծվել է այն պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը, որոնց հանգել էին Բաքվում կայացած Կասպիական երրորդ գագաթաժողովի ընթացքում:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքի իրադրությանը, որը միջազգային հանրությանը հուզող կարեւորագույն խնդիրներից է, Մեդվեդեւը եւ Մահմուդ Ահմադինեջադը վստահեցրել են, որ տարածաշրջանի, այդ թվում եւ Սիրիայի խնդիրների լուծումը հնարավոր է բացառապես քաղաքական մեթոդներով, բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսության միջոցով:

Դմիտրի Մեդվեդեւը գոհունակությամբ ընդգծել է Իրանի նախագահի` ռուսական նախաձեռնությանը տված դրական գնահատականը, այն է` իրանական միջուկային ծրագրի նկատմամբ վստահության փուլային վերականգնման նախագծին: Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցելը այդ հարցի շուրջ: