Բոլոր պետությունների ղեկավարների համար առանձնահատուկ պատիվ էր տրիբունաներում ողջունել Հաղթանակի հոբելյանի գլխավոր հերոսներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին Ռուսաստանից, Իսրայելից, Հայաստանից, Մոնղոլիայից։ Այս մասին այսօր գիշերը լրագրողների համար արված հայտարարության ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա բարձր է գնահատել մի շարք եվրոպական երկրների՝ Սերբիայի, Սլովակիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ղեկավարների այցը Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին, «չնայած սպառնալիքներին, շանտաժին և հարուցվող խոչընդոտներին, ընդհուպ մինչև օդային տարածքի փակումը»։
«Մեզ համար կարևոր է, որ միլիոնավոր եվրոպացիներ, ինքնիշխան քաղաքականություն վարող երկրների ղեկավարները այս մասին հիշում են։ Սա մեզ լավատեսություն և հույս է ներշնչում, որ վաղ թե ուշ, այդ թվում՝ հենվելով պատմության դասերի, սեփական ժողովուրդների կարծիքի վրա, մենք կսկսենք շարժվել Եվրոպայի պետությունների հետ կառուցողական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Այդ թվում նաև նրանց հետ, որոնք այսօր էլ չեն հրաժարվում հակառուսական հռետորաբանությունից և մեր հասցեին ուղղված բացահայտ ագրեսիվ գործողություններից։ Փորձում են մինչև հիմա, մենք դա տեսնում ենք հենց այս օրերին, մեզ հետ խոսում են, ըստ էության, լկտի կերպով և վերջնագրերի միջոցով», - ասել է ՌԴ նախագահը։





























