Apple ընկերությունը սպառնում է դատի տալ չինական In Icons-ին, որը համարձակվել է ընկերության հիմնադրի` հանգուցյալ Սթիվ Ջոբսի տիկնիկը ստեղծել:  Apple-ը կարծում է, որ իրեն է պատկանում ոչ միայն սեփական արտադրանքի, այլեւ ընկերության հիմնադրի կերպարի իրավունքները:

The Telegraph-ի նկարագրությամբ` տիկնիկի հագին, որը մտադիր են վաճառքի հանել 2012թ. փետրվարին, Ջոբսի հանրահայտ կապույտ ջինսն է, սեւ բլուզը եւ մարզակոշիկները:  Կոմպլեկտում կան նաեւ կաշվե սեւ գոտի, մեկ զույգ սեւ գուլպա, ակնոց, երկու խնձոր (որոնցից մեկը` կծած), մատանի, աթոռի նմանակը, որին նստում էր Ջոբսը իր նորարարությունների շնորհանդեսների ընթացքում: Բացի այդ, կան նաեւ երեք զույգ հանովի «բնական, մանրամասն մշակված» ձեռքեր, որոնք Ջոբսին բնորոշ երեք ժեստ են արտահայտում:

Տիկնիկի մանրածախ նախնական գինը կկազմի 100 դոլար: 30 սմ-անոց Ջոբսի առցանց վաճառքն արդեն սկսվել է: eBay կայքում այն կարելի է գնել 135 դոլարով: Որպես հավելում կարելի է գնել խաղալիք iPhone եւ Mac-ի ամենաառաջին մոդելը:

Apple-ը չինական ընկերությանը նամակ է ուղարկել, որում ասվում է, որ առանց ընկերության թույլտվության նրա խորհրդանիշների, ինչպես նաեւ հիմնադրի կերպարի գործածումն անօրինական է: Չինական ընկերության արձագանքն առայժմ հայտնի չէ:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, Apple-ը Ջոբսի նկատմամբ ունեցած իրավունքների պաշտպանության հաջող փորձ ունի: 2010թ. ընկերությանը հաջողվել է կասեցնել M.I.C. Gadget ընկերության արտադրած Ջոբսի տեսքով արձանիկների վաճառքը:

Apple-ի հիմնադիր ղեկավար Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. հոկտեմբերի 5-ին, երկարատեւ հիվանդությունից հետո: Մահից հետո նրա հիմնադրած ընկերության արտադրանքը, ինչպես նաեւ նրա անձը նախկինից առավել հանրահայտ դարձան: