Կիրակի օրը Լոնդոնի Ստանստեդ օդանավակայանում տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով հարյուրավոր ուղևորներ հայտնվել են տերմինալի շենքի դրսում և ներսում երկար հերթերում, և թռիչքների հետաձգումներ են եղել, հաղորդում է Reuters-ը։
Տեխնիկական անսարքությունները, որոնք ազդել են գրանցման, ուղեբեռի մշակման և անվտանգության ապահովման վրա, ավելի ուշ վերացվել են, սակայն թռիչքները շարունակել են իրականացվել ժամանակացույցից ուշացումով, ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։ Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են մարդիկ հերթ կանգնել օդանավակայանից դուրս։
ITV հեռուստաալիքի թղթակից Էնն Ալեքսանդերը հայտնել է, որ ինքը ուշացել է իր չվերթից մյուս ճանապարհորդների հետ միասին։ Ուղևորների թվով Ստանստեդը մայրաքաղաքի երրորդ ամենամեծ օդանավակայանն է։
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածն է Եվրոպայում, մարտին գրեթե մեկ օրով փակվել էր էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով։ Ուրբաթ օրը Անգլիայի հյուսիսարևմուտքում գտնվող Մանչեսթերի օդանավակայանում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչը հանգեցրել է ներգաղթի վերահսկողության կետում ուղևորների ժամանման հետաձգումների։





























