Հարյուրից ավելի մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում՝ Տանգանիկա լճի ափին գտնվող գյուղում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, հաղորդում է Reuters-ը։
Ջրհեղեղը, որից տուժել է Կասաբա գյուղը, տեղի է ունեցել կենտրոնական աֆրիկյան պետության համար խոցելի պահին։ Ռուանդայի կողմից աջակցվող M23 ապստամբները տարեսկզբից ակտիվացրել են հարձակումը արևելյան տարածաշրջանում, ինչի հետևանքով այս տարվա առաջին երկու ամիսներին մարտերում հազարավոր մարդիկ են զոհվել։
Տուժած շրջանը դեռևս գտնվում է Կինշասայի վերահսկողության տակ և չի մտնում M23-ի կողմից գրավված գոտիների թվում։
Հարավային Կիվու նահանգի կառավարության մամուլի քարտուղար Դիդիե Լուգանիվան իր հայտարարության մեջ նշել է, որ ջրհեղեղը տեղի է ունեցել հինգշաբթիից ուրբաթ գիշերը, երբ հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիները հանգեցրել են Կասաբա գետի վարարմանը։
Տեղական պաշտոնյաները հայտարարել են, որ Կասաբայի շրջան հնարավոր է հասնել միայն Տանգանիկա լճով, և որ այն ընդգրկված չէ բջջային կապի ցանցում, ինչը կարող է ուշացնել մարդասիրական օգնության տրամադրումը։





























