Իրանի և Միացյալ Նահանգների միջև իրանական միջուկային խնդրի և Թեհրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների չեղարկման շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, Օմանի ԱԳ նախարար Բադր բեն Համադ Ալ Բուսաիդիի միջնորդությամբ, կիրակի օրը մեկնարկել է երկրի մայրաքաղաք Մասկատում, հաղորդում է Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը գլխավորում են երկու պատվիրակությունները բանակցություններում։
Կիրակի օրը բանակցությունների մեկնարկից առաջ Արաղչին հանդիպում է ունեցել իր օմանցի գործընկերոջ հետ։ Հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը երախտագիտություն է հայտնել Օմանի արտաքին գործերի նախարարին և կառավարությանը՝ իրանա-ամերիկյան բանակցությունների կազմակերպման և դրանց աջակցելու գործում ունեցած կարևոր դերակատարության համար։
Նա նաև ներկայացրել է Իրանի տեսակետը բանակցությունների առավել կարևոր ասպեկտների վերաբերյալ և այս առնչությամբ Իրանի սկզբունքային դիրքորոշումները։





























