Վիետնամի բնակչի ոտքից հեռացրել են 90 կիլոգրամ քաշ եւ 1,2 մետր տրամագիծ ունեցող ուռուցք: Այդ մասին ասված է Խոշիմինի ֆրանս-վիետնամական հիվանդանոցի տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Այնտեղ էլ կատարվել է այդ բարդ վիրահատությունը:

Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ վիրահատությունը տեւել է 8-10 ժամ: Հիվանդի կյանքին սպառնացող վտանգի աստիճանը գնահատվում է 50%: Հսկայական բարորակ ուռուցքը զարգացել է 4 տարի` 31-ամյա Նգուենա Զույ Խայի աջ ոտքի վրա:  Այն բառացիորեն անշարժացրել էր նրան: Այժմ նա կարող է վերադառնալ  սովորական կյանքի, եթե, իհարկե, ողջ մնա:

Նգուենա Զույ Խայը տառապում է հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդությամբ: Հիվանդության առաջին կանխանշանները հայտնաբերվել են, երբ երեխան 4 տարեկան է եղել: Իսկ 12 տարեկանում ուռուցքն սկսել է արագ զարգանալ: 1997 թվականին, երբ պատանին դարձել է  17 տարեկան, նրա աջ ոտքի մի մասն անդամահատել են: Սակայն մի քանի տարի անց ուռուցքն սկսել է աճել եւ արդյունքում նրա քաշը գերազանցել է դժբախտ երիտասարդի մարմնի ամբողջ զանգվածը:

Առաջին վիրահատությունից հետո հիվանդի ընտանիքն այլեւս չի կարողանում հավաքել բուժումը շարունակելու համար անհրաժեշտ գումարը: Սակայն Նգուենա  Զույ Խային փրկել է հանրային ուշադրությունը: Երկար ժամանակ Վիետնամի ռեկորդակիր ուռուցքի կրող բնակչի ճակատագիրը տեղական լրագրողների ուշադրության կենտրոնում է եղել: Լրագրողներին հաջողվել է հետաքրքրություն առաջացնել արտասահմանյան մասնագետների մոտ: Արդյունքում դեկտեմբերի 27-ին նրան պառկեցնում են Խո Շի Մին քաղաքի Ֆրանս-վիետնամական հիվանդանոց, հաղորդում է Asia One-ը:

Հունվարի 5-ի առավոտյան սկսվում է երկարաժամյա վիրահատությունը, որը գլխավորում էր հանրահայտ ամերիկացի պլաստիկ վիրաբույժ Մաքքեյ Մաքքինոնը: Այս մասնագետը 2004 թվականին արդեն նման վիրահատություն կատարել էր: Նա հեռացրել էր Ռումինիայի բնակչուհու  80 կիլոգրամանոց ուռուցքը: Վիրաբույժը հրաժարվել է հոնորարից: վիրահատության եւ հետվիրահատական ապաքինման հետ կապված մնացած ծախսերը կվճարվեն հավաքված նվիրաբերությունների միջոցով, գրում է NEWSru.com-ը: