Ատլանտա քաղաքի (Ջորջիայի նահանգ) «Հարթսֆիլդ-Ջեքսոն» միջազգային օդանավակայանում թռիչքուղու սարքավորման հետ կապված խնդրի պատճառով հետաձգվել է ավելի քան 450 չվերթ։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
«Կիրակի օրը հարյուրավոր չվերթներ հետաձգվել են Ատլանտայի՝ աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում, թռիչքուղու սարքավորման հետ կապված խնդրի պատճառով»,- նշվել է հաղորդագրությունում։
Տեղի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ հետաձգվել են ավելի քան 200 մեկնող եւ ավելի քան 250 ժամանող չվերթներ, հայտնել է AP-ը։ Մասնագետներն աշխատում են խնդիրը շտկելու ուղղությամբ, նշել է գործակալությունը։
Ավելի վաղ «Հարթսֆիլդ-Ջեքսոն» օդանավակայանում բախվել էին Delta ավիաընկերության երկու ինքնաթիռներ։ Ատլանտայից Տոկիո թռչող Airbus A350 ինքնաթիռը թեւով հարվածել էր Endeavor Air CRJ-900 ինքնաթիռի պոչին, որը պետք է թռչեր DL5526 չվերթով դեպի Լա Ֆայետ (Լուիզիանայի նահանգ): Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամերին, երբ երկու օդանավերը տեղաշարժվում էին թռիչքուղում՝ գետնին։





























