Գիտնականները Ատլանտյան օվկիանոսի հատակին կորուսյալ աշխարհ են հայտնաբերել. կենդանիների խումբ, որոնք բնակվում են մեծ խորություններում հանդիպող տաք ջրի հոսանքների մոտ: Գիտական խմբի ղեկավար Ալեքս Ռոջերսի խոսքով` դրանք կարծես թե այլ մոլորակից են հայտնվել, գրում է utro.ru-ն:
Ծովային խորությունների տարօրինակ բնակիչների թվում են նաեւ մազմզոտ ծովախեցգետինները: Տարօրինակ արարածները կրծքի եւ թաթերի վրա մանրէների ամբողջ գաղութներ են աճեցնում, որոնք բարգավաճում են հանքանյութերով հարուստ ծովային տաք ջրերում: Հենց այդ մանրէներն էլ նրանց համար սնունդ են հանդիսանում, քանի որ օվկիանոսի ամենախորքում, որտեղ արեւի լույս չի թափանցում, այլ ուտելու բան չկա: Ծովախեցգետիններն էլ իրենց հերթին սնունդ են հանդիսանում յոթ վերջույթանի ծովային աստղերի համար, որոնք զոհին դարանակալում են հոսանքների եզրին:
Սաութհեմփթոնի համալսարանի պրոֆեսոր Ջոն Կոպլիի խոսքով` բացահայտման կարեւորությունը նաեւ նրանում է, որ Անտարկտիդայիի ափերի տաք հոսանքները դեռեւս ոչ ոք չէր ուսումնասիրել: Նրա խոսքով` գիտնականները միայն վերջերս են սկսել հետազոտել այդ վտանգավոր լայնությունները: Հետազոտության ամբողջական արդյունքները հրապարակվել են PLoS Biology ամսագրում:




























