Այս իշխանությանը ևս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրամաններ, որը կգնա բռնության, եթե լինի բռնություն կիրառելու հրաման։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով օրեր արաջ Արմավիրի ոստիկանությունում տեղի ունեցած խոշտանգման դեպքին։

«Ես պնդում եմ, որ այդ դաբրոն տրվել է իշխանությունների կողմից։ Եթե սա լիներ առաջին դեպքը, կարելի էր համարել, որ միտում չկա, մտածված, ուղղորդված գործընթաց չէ, բայց ցավալիորեն խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ անգամ արել ենք ասուլիսներ։ Ամեն անգամ հանդիպում ենք այս հայտարարությանը, որ ոստիկանությունը ոչնչում մեղավոր չէ։ Ամենատխուրն այն է, որ մինչեւ քննության ավարտը բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ անել։ Սա մի կողմից անթույլատրելի է, մյուս կողմից ուղղություն է ցույց տալիս, թե որնէ ՆԳՆ–ի համար ցանկալի ուղղությունը։ Մի քանի օր առաջ էլ նորից բռնությամբ, ուժ կիրառելով արդեն կին են տարել»,–ասաց նա։

Հարցին՝ ինչու են շարունակվում ոստիկանությունում բռնությունները, որտե՞ղ մնացին բարեփոխումները, Նինա Կարապետյանն արձագանքեց. «Այդ հարցը  պետք է տալ քաղհասարակության այն ներկայացուցիչներին, որոնք երեք տարի գլուխ էին հարդուկում և համոզում էին հասարակությանը, որ այս իշխանությունները գնում են բարեփոխման ճանապարհով։ Ո՞նց է լինում, որ 7 տարի անց մենք ականատես ենք լինում 1996–ին, 2010–ին, 2013–ին 2016–ին բնորոշ գործողությունների։ Փոփոխություններ չեն լինում, որովհետեւ Այս իշխանությանը ևս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրամաններ։

2018–ին հետո շատ կարճ ժամանակ անց մենք տեսել ենք չբարեփոխված, չլուստրացված, չվեթինգված ոստիկանություն, որը նորմալ էր, ադեկվատ, այնպես, որ իրավապաշտպանները խոսելու տեղ չունեին»։

Սակայն 2020-ից հետո, ըստ նրա, հունիսի 12-ի ԱԺ-ում Փաշինյանի ելույթից հետո սկսեցին բռնությունները. «Պատկերացրեք, եթե ուղիղ եթերում ամբիոնից են նման հայտարարություններ հնչում, ինչեր կհնչեն փակ դռների հետևում։ Ինչ հրահանգներ ու ինչ դաբրոներ են տալիս»,-ասաց Կարապետյանցը՝ վստահություն հայտնելով, թե քանակով, թե ծավալով, թե էությամբ ավելի վատ դեպքերի ենք առաջիկայում ականատես լինելու։

«Նրանց, ովքեր ասում են՝ համակարգային կոռուպցիա չկա, ես ուզում եմ հարց տլ՝ դուք նույնն եք ասելու, երբ ձեր նկատմամբ լինի այսպիսի բռնությո՞ւն։ Իսկ այս բռնությունից ոչ ոք երաշխավորված չէ։ Այս իշխանությունն ապացուցել է, որ իրեն անձնվիրաբար ծառայող մարդկանց անգամ չի խնայում։ Սա ինչ–որ պահի ծեծելու է ցանկացած մեկի դուռը։ Իրենց համար շատ վատ լուր ունեմ, իրենք չեն պատկերացնում, որ ինչքան ատելության խոսք գեներացրեցին, այնքան ավելի մեծ թափով վերադառնալու է իրենց։ Իրենց մերժելուց, վախենամ թավիշով չմերժեն»։

Հիշեցնենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանն օրեր առաջ ահազանգել էր ոստիկանական խոշտանգումների հերթական դեպքի մասին՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ, որոնք փաստում են ոստիկանների՝ քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությունը։

Քաղաքացի Սերգեյ Աբրահամյանը ապրիլի 28-ին որպես վկա ներկայացել է Արմավիրի քննչական բաժին, սակայն նրան չեն ընդունել։ Ըստ Աբրահամյանի՝ հաջորդ օրը մի խումբ ոստիկաններ գնացել են նրա բնակարան։ Քաղաքացին նրանց հետ պատրաստվել է ներկայանալ բաժին, սակայն բնակարան են ներխուժել այլ ոստիկաններ ու Աբրահամյանին բռնության ենթարկել կնոջ աչքի առաջ։ Հետո տարել են ոստիկանության բաժին, որտեղ դաժան ծեծի են ենթարկել։

Դեպքի առնչությամբ ապրիլի 29-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։