Մոսկվայի Բասմանյան շրջանային դատարանում տեղի ունեցած դատաքննության ժամանակ դատախազ Եկատերինա Ֆրոլովան խնդրել է վեց տարվա ազատազրկման դատապարտել «Գոլոս» դիտորդների շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին։ Այս մասին հաղորդել է «Медиазона»-ն՝ հղում կատարելով իր թղթակցին դատարանի դահլիճից։

Մելքոնյանցը մեղադրվում է «անցանկալի» հասարակական կազմակերպության աշխատանքը կազմակերպելու մեջ (Քրեական օրենսգրքի 284.1 հոդվածի 3-րդ մաս)։

Մելքոնյանցի դեմ հարուցված քրեական գործը կապված է Ընտրությունների մոնիթորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) գործունեության հետ, որի մեջ մտնում էր «Գոլոս»-ը եւ որը 2021թ. սեպտեմբերին Ռուսաստանում հայտարարվել է «անցանկալի» կազմակերպություն։ Միեւնույն ժամանակ, ոչ «Գոլոս» շարժումը, ոչ էլ նրա նախորդը՝ «Գոլոս» ասոցիացիան, որը լուծարվել է «օտարերկրյա գործակալների» ռեեստրում ընդգրկվելուց հետո, երբեւէ «անցանկալի» կազմակերպություններ չեն ճանաչվել Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Mediazona-ն նշել է, որ երբ ENEMO-ն հայտարարվել է «անցանկալի», «Գոլոս» ասոցիացիան այլեւս գոյություն չուներ, եւ համանուն հասարակական շարժումը ENEMO-ի անդամ չէ:

Դատաքննությունների ընթացքում դատախազը հայտնել է, որ «Գոլոս» շարժումը ստեղծվել է ENEMO-ի մաս կազմող համանուն ասոցիացիայի «հիմքի վրա», որը հետագայում «անցանկալի» է ճանաչվել։

Գրիգորի Մելքոնյանցը կալանքի տակ է 2023թ. օգոստոսից։

«Голос»-ը պաշտոնապես աշխատել է որպես ասոցիացիա 2000-ից: 2013-ին ՌԴ արդարադատության նախարարությունը կազմակերպությունը հայտարարել է «օտարերկրյա գործակալ», որից հետո ասոցիացիայի որոշ անդամներ, այդ թվում՝ Մելքոնյանցը, ստեղծել են «Գոլոս» շարժումը, որը նաեւ վերահսկում էր ընտրությունները (ասոցիացիան հետագայում պաշտոնապես լուծարվել է):