Ես անձամբ գրեթե ամեն շաբաթ ընդունում եմ անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Այս մասին մայիսի 12-ին ԱԺ նիստում հայտնել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի 2024թ. գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Կարեւոր չէ, թե օրվա որ ժամն է կամ ինչքան զբաղված եմ, ծնողներին ընդունում եմ ցանկացած պահի, ժամերով քննարկում ենք իրավիճակը։ Այդ հանդիպումներին մասնակցում են կոնկրետ քննչական խմբի ղեկավարը եւ վարույթն իրականացնող մարմինը։ Մենք տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք նրանք պահանջում են»,- վստահեցրել է Պողոսյանը։
Նա նշել է, որ Քննչական կոմիտեն ուշադիր լսում է ծնողների մեկնաբանությունները եւ քննարկում նրանց բանավոր խնդրանքները։ Եղել են անգամ դեպքեր, երբ ծնողների պահանջով անմիջապես կատարվել են կոնկրետ քննչական գործողություններ։ Այդ ժամանակ քննիչն ու ծնողները միասին մեկնել են դեպքի վայր։ «Մենք ամենօրյա կապի մեջ ենք, եւ այդ առումով ակտիվ նախաքննություն է տարվում, իհարկե, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, բայց այս ձեւաչափով չէի ցանկանա մանրամասնել, թե արդեն ինչ է արվել»,- ավելացրել է Քննչական կոմիտեի ղեկավարը։





























