Այսօր տեղի է ունեցել Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որը փաստացի «նախաձեռնվել էր» Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի «ահազանգ-պատվերի» հիման վրա։ Այս մասին իր էջում գրել է Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և սպասվում էր, որևէ փաստ կամ տվյալ առկա չէր Բաբայանի պնդումների մասին։
Ժիրայր Սեֆիլյանը դեռևս 25 տարի առաջ նախաքննությանը փոխանցել էր իրեն հայտնի անհրաժեշտ տեղեկությունները։
Հարցաքննությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, ոը Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի մասին կամ դրա առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի և նրա անվան շահարկումը ընդամենը քաղաքական պատվեր է»։
Իր հերթին Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը նշել է. «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Ենթադրաբար հարցաքննությունը կապ ունի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հայտարարության հետ, ըստ որի, ահաբեկչությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել կատարվածի մասին. Ենթադրում եմ՝ այո. հայտարարությունից օրեր անց կանչեցին հարցաքննության»։
«Սեֆիլյանը թաքցնելու բան չուներ։ Նա դեռ սկզբնական փուլում է հարցաքննվել։ Միայն ասեմ, որ Սամվել Բաբայանի հայտարարությունները տարօրինակ են և անակնկալ Ժիրայր Սեֆիլյանի համար։ Նախ, իրական չեն, հետո էլ՝ ինչու է 25-26 տարի անց նման բաներ հայտարարել»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ հաստատել էր հաղորդավարի այն վարկածը, որ ահաբեկչության օրը իրեն զանգահարել է Սեֆիլյանը և վիրավորական ձևով հայտնել վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանության մասին` «մորուքը սատկել է, մորուքին սպանել են»։ Սամվել Բաբայանը վստահեցրել էր, որ այդ ձայնագրությունները մինչև հիմա կան ԱԱԾ-ում։
Մայիսի 8-ին հարցազրույցի այս հատվածի վրա ուշադրություն էր հրավիրել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրել էր` արդյոք իրավապահները չեն պատրաստվում հարցաքննել Սեֆիլյանին:





























