Քննչական կոմիտեն դեռ քրեական գործ չի հարուցել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ ոստիկանության Վանաձորի բաժնում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանին ենթադրյալ ծեծի ենթարկելու դեպքի առիթով։ Այս մասին մայիսի 12-ին ԱԺ նիստում հայտնել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի 2024թ. գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձագետները տուժողի մարմնի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերել։ Արդյունքում՝ որոշվել է մի քանի լրացուցիչ փորձաքննություններ նշանակել։ «Միջադեպը լայն տարածում է գտել, սակայն այս փուլում մենք հիմք չունենք ոստիկանների նկատմամբ գործ հարուցելու»,- ասել է Պողոսյանը։

ՔԿ ղեկավարն ավելացրել է, որ ինքը եւ հանրապետության օմբուդսմեն Անահիտ Մանասյանը բազմիցս հանդիպել են Ուլուբաբյանի հետ։ Հետաքննության ընթացքում նաեւ առերեսումներ են կատարվել նրա եւ ոստիկանների միջեւ։