Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով կրկին հաղթում են իսլամիստները:
Երկրի ինը նահանգներում ձայների հաշվարկի արդյունքներով, որտեղ հունվարի 3-4-ին Ժողովրդական ժողովի պատգամավորների ընտրություններ են կայացել, «Մահմեդական եղբայրների» ազատության եւ արդարության կուսակցությունը բացարձակ առաջատարն է, «Ան-Նուր» կուսակցության սալաֆիտները երկրորդ տեղում են: Երրորդ տեղում առաջին անգամ հայտնվել է երկրի հնագույն` լիբերալների «Նոր Վաֆդ» կուսակցությունը: XX դարասկզբին այս կուսակցությունը կարեւոր դերակատարություն ուներ երկրի գործընթացներում, որոնք սկզբում հանգեցրին բրիտանական պրոտեկտորատի, իսկ հարյուրամյակի կեսերին` հակամիապետական հեղափոխությանը: Դեմոկրատները երրորդ փուլում հայտնվել են չորրորդ տեղում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հունվարի 10-ին եւ 11-ին կկայանան մեկ մանդատով շրջանների ընտրությունները, իսկ հունվարի 13-ին ԿԸՀ-ն պետք է ի մի բերի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Բայց արդեն ակնհայտ է, որ իսլամիստները կստանան Ժողովրդական ժողովի տեղերի երկու երրորդը:




























