Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Կրակովում Ռուսաստանի հյուպատոսությունը փակելու որոշման մասին։ Նման քայլի պատճառը Վարշավայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկի՝ Marywilska 44-ի հրկիզմանը ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության վերաբերյալ հավաքված ապացույցներն էին։

«Ռուսական հատուկ ծառայությունների կողմից Մարիվիլսկա փողոցում տեղակայված առևտրի կենտրոնի դեմ դիվերսիայի հանցավոր գործողություն կատարելու ապացույցների առնչությամբ որոշել եմ հետ վերցնել Կրակովում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը»,- X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Սիկորսկին։

Ավելի վաղ Լեհաստանի արդարադատության նախարար Ադամ Բոդնարը և ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակը հայտարարել էին, որ հետաքննության արդյունքներով՝ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը ռուսական հատուկ ծառայությունների հրահանգով կազմակերպված ծրագրված հրկիզման արդյունք է։ Գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ հանցագործության նախապատրաստման և իրականացման, ինչպես նաև այն հանցագործների կողմից փաստաթղթավորելու վերաբերյալ իրենք մանրամասն տեղեկություններ ունեն։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ևս հաստատել է հետաքննության արդյունքները՝ նշելով, որ կասկածյալներից մի քանիսն արդեն ձերբակալվել են, իսկ մնացածը նույնականացվել են և ընդգրկվել հետախուզվողների ցանկում։ «Մենք հիմա հաստատ գիտենք, որ Վարշավայի Marywilska առևտրի կենտրոնում հրդեհն առաջացել է ռուսական հատուկ ծառայությունների պատվիրած հրկիզման հետևանքով։ Մենք բոլորիդ կգտնենք», -գրել է նա X-ում։

Marywilska 44առևտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 12-ին։ Հրդեհը սկսվել է շենքի մի քանի կետերում միաժամանակ և արագ տարածվել՝ ընդգրկելով ավելի քան 63 հազար քառակուսի մետր տարածք։ Արդյունքում, ոչնչացվել են մանրածախ տաղավարները և մոտավորապես 1400 վարձակալների ունեցվածքը։ Զոհեր չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ավելի ուշ նկատել են հրդեհի տարածման անբնականորեն բարձր տեմպը, ինչը անմիջապես կասկածներ է առաջացրել, որ այն միտումնավոր է եղել։

Դեպքի հետաքննության համար լեհական իշխանությունները մեծ ռեսուրսներ են ներգրավել. մասնակցել են 55 դատախազ, մոտ 100 ոստիկան, դատաբժշկական և տեխնիկական փորձագետներ։ Հարցաքննվել են ավելի քան 70 վկաներ և 530 տուժողներ։

Ռուսաստանի հյուպատոսությունը փակելու Լեհական իշխանությունների որոշումը կտրուկ արձագանք է առաջացրել Մոսկվայում։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Վարշավայի գործողությունները որակել է որպես «երկկողմ հարաբերությունների միտումնավոր խաթարում» և խոստացել է «համազոր պատասխան» տալ «անհամազոր քայլերին»։ Նմանատիպ տեսակետ է հայտնել նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Սրանք կրկին երկկողմ հարաբերությունների կրճատման ուղղված այս ընդհանուր շղթայի բաղկացուցիչ օղակներն են, որոնք արդեն իսկ գտնվում են անմխիթար վիճակում»։