Հնդկաստանի Փանջաբ նահանգի գյուղերում կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո տասնհինգ մարդ մահացել է, եւս մոտ տասը գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է Hindustan Times-ը։
Զոհերի մեծ մասն ապրում էր Բանգալի Կալան, Թարիվալ, Սանգա և Մարարի Կալան շրջաններում։ Ծանր վիճակում գտնվողները տեղափոխվել են Ամրիտսարի քաղաքացիական հիվանդանոց։
Ամրիտսարի շրջանային դատախազ Սակշի Սավնին այցելել է հիվանդանոց՝ իրավիճակը գնահատելու համար և հաստատել է մահացածների թիվը, որը, իշխանությունների խոսքով, կարող է աճել։
«Մենք իմացանք, որ նրանք բոլորը կիրակի երեկոյան նույն աղբյուրից ալկոհոլ են գնել։ Նրանցից ոմանք մահացել են երկուշաբթի առավոտյան, և տեղացիները նրանց դիակիզել են՝ առանց ոստիկանությանը տեղեկացնելու։ Որոշ մարդիկ թաքցրել են այդ փաստը և ասել, որ զոհերը մահացել են սրտի կաթվածից», - ասել է ավագ տեսուչ Մաջիտա Աաբտաբ Սինգհը։
Փանջաբի կառավարության խոսնակը հայտնել է, որ հարուցվել է երկու քրեական գործ, իսկ հիմնական մատակարարները՝ Պրաբհիտ Սինգհը և Սահիբ Սինգհը, ձերբակալվել են։ Ձերբակալվել են նաև չորս այլ մեղադրյալներ, որոնք ալկոհոլ էին գնել մատակարարներից և բաշխել այն գյուղերում։
Քննչական խմբերը սկսել են ստուգումներ անցկացնել այլ նահանգներում՝ ապօրինի ալկոհոլ մատակարարող ընկերություններին բռնելու համար, հավելել է գերատեսչության խոսնակը։
Հինգ տարի առաջ նահանգը ականատես եղավ խոշոր ողբերգության, որը կապված էր ապօրինի ալկոհոլի օգտագործման հետ Թարն Թարան, Ամրիտսար և Գուրդասպուր շրջաններում: Մոտ 130 մարդ մահացավ, իսկ մոտ մեկ տասնյակը կորցրեց գիտակցությունը։



























