Մոնտանայի հյուսիս-արեւմուտքում գտնվող տներից մեկում ամուսիններին եւ նրանց երկու մանկահասակ աղջիկներին մահացած են գտել այն բանից հետո, երբ տղամարդը կրակել է իր ընտանիքի վրա, զանգահարել 911 եւ ինքնասպան եղել, հայտնել է NBC News-ը։
Կալիսպելի՝ Գլեյշեր ազգային պարկի մոտ գտնվող, 30 000-ից քիչ բնակչություն ունեցող քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը տագնապալի հայտարարություններ է արել 911 օպերատորին՝ մինչ սպաները ժամանել են Սիլվերբրուք Էսթեյթս թաղամասում գտնվող տուն կիրակի առավոտյան ժամը 6-ին մոտ:
Ընտանիքին, այդ թվում՝ 7 ամսական եւ 6 տարեկան երեխաներին, մահացած են գտել տան ներսում հրազենային վնասվածքներից, ասել է Կալիսպելի ոստիկանապետ Ջորդան Վենեցիոն։
Մորը ոստիկանությունը նույնականացրել է որպես 27-ամյա Քեթի Օլսոն-Հարթլի, իսկ հայրը եւ ենթադրյալ կրակողը` 33-ամյա Նիքոլաս Օլսոն-Հարթլի:
«Օրվա ընթացքում ապացույցներ հավաքելուց եւ բազմաթիվ մարդկանց հետ զրուցելուց հետո մենք կարծում ենք, որ այս ողբերգական իրադարձությունը սպանություն-ինքնասպանության հետեւանք է»,- ասել է Վենեցիոն:
Քննիչները կարծում են, որ Նիքոլաս Օլսոն-Հարթլին սպանել է իր ընտանիքին նախքան 911 զանգահարելը եւ անորոշ հայտարարություններ անելը, որոնք պաշտոնյաները նկարագրել են միայն որպես «տագնապեցնող»,- ասել է ոստիկանապետը:
Տեղի ունեցածի փաստով հետաքննություն է իրականացվում, ասել է ոստիկանապետը։



























