Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող Կոնյակագործները հանդիպել են Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ։
Հանդիպումից հետո «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը լրագրողներին ասաց. «Խոստացել են, որ մոտ ժամանակներս՝ կլինի 10 րոպեից, թե երկու օրից, պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ. հստակ ժամկետներ չեն հայտնել։ Թե ինչ հայտարարություն կլինի, ոչ ոք չգիտի, նույնիսկ իրենք տեղյակ չեն։ Իրենք դիմել են պաշտոնական Թբիլիսիին, հիմա իրենք, ոնց որ մենք, ակնկալում են այնտեղից պատասխանի։
Երևի իրենք լրջությունը այդ աստիճան չէին պատկերացնում, իրենց մեզնից մանրամասն ինֆորմացիա էին ակնկալում, մենք հնարավորինս փորձեցինք հակիրճ ներկայացնել ստեղծված իրավիճակը, խոստացան ընթացք տալ։ Միգուցե մինչև հիմա էլ տեղյակ էին, բայց երևի այսքան խորքային տեղյակ չէին։
Մենք հույս ունենք, ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում իրենք մեր հետ կապ կհաստատեն, իրենք վերցրեցին մեր կոնտակտները և խոստացան, որ անմիջապես մեր հետ կապ կհաստատեն պատասխան ստանալուց հետո։ Հակառակ պարագայում մենք շարունակելու ենք մեր խաղաղ ակցիաները, որովհետև սա լուրջ խնդիր է, որը պահանջում է շուտափույթ լուծում»,–ասաց նա։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իր տպավորությամբ դեսպանը տեղյակ չէր. «Նոր է հարցում տվել, ինքը խոստացավ, որ մոտակա ժամանակներում կստանա պատասխանը և կփոխանցի մեզ։
Դեսպանն ասաց, որ իրեն ասել են Վրաստանից, որ իրավունք ունեին մեքենաները բացեին, նմուշառում անեին և ուղարկեին անալիզի։
Մենք չենք ստացել որևէ հիմնավորում. մեր մեքենաները կանգնեցրել են, բեռը բացվել է, նմուշառումը արվել է և մենք դրա մասին ոչ մի թուղթ չունենք։ Մենք սպասում ենք, խոսք ենք տվել սպասենք մոտակա մեկ-երկու օրը, հետո նորից կգանք»։
Նրանք հայտնեցին, որ էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարար Արման Խոջոյանը ասել են, որ զբաղվում են այդ գործով։
Նշենք, որ կոնյակագործները բողոքում են, որ Վրաստանի անցակետում իրենց մեքենաների պլոմբները բացում են, նմուշառում են անում եւ ուղարկում անալիզի, մինչդեռ այդ ապրանքը Վրաստանի համար չէ, Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է։ Այս ամենի պատճառով բեռնատարները շաբաթներով ու ամիսներով մնացել են Վրաստանում։











