Ես չգիտեմ՝ հասարակությունը Նիկոլ Փաշինյանի հետ ինչպե՞ս է շփվում, եթե ինքը զինված կորտեժով է երթևեկում, գնում են հանդիպումների և մամուլում առկա տեղեկությունների համաձայն բծախնդիր քաստինգ են անցկացնում, որ հանկարծ մեկը չլինի, որ մի բան ասի, որ իրենց դուրը չգա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանությունները պնդմանը, որ հասարակությունն իրենցից պահանջում է ոչ թե մանկապարտեզ ու ճանապարհ կառուցել, այլ հարցնում է, թե երբ են դատելու երկրորդ և երրորդ նախագահներին։
«Ինքն ասում էր՝ ես պատրաստ եմ կառավարությունում սկսել քննարկումներ իրական Հայաստանի հայեցակարգի մասին։ Լուր ունե՞ք, այդ պրոցեսը առաջ գնաց, թե՞ չէ։ Ինքը չունի այդ շփումը հասարակության հետ»,–ասաց նա։
Խոսելով 2026–ի ընտրություններին իշխանության պատրաստության մասին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ինքը սկզբից փորձեց առաջ տանել խաղաղության օրակարգը, տեսավ, որ չկա, ամենօրյա կրակոցներ են։ Խաղաղությունը ձախողվեց։ Հետո ասաց՝ գնում ենք Եվրաինտեգրման, դա էլ որևէ երևելի արդյունքի գոնե այս պահի դրությամբ չի բերել։ Մնաց վերադառնալ ի շրջանս յուր, 2017-2018 թվականների Նիկոլ Փաշինյանին։ Էլի նույն խոստումներն են, բայց խոստումների իրականացման մասին լուռ են, որովհետև դա էլ չեն կարողանում անել։ Բայց վստահ են 50 + 1 են հավաքելու։
Եթե իրենք վստահ լինեին, որ վաղը չէ մյուս օրը 50 + 1 տոկոս են հավաքելու, վաղը Փաշինյանը հրաժարական կտար, այս խորհրդարանը վարչապետ չէր ընտրի և իրենք կգնային նոր ընտրությունների։
Մի քանի օր առաջ Գելալփի հարցումներով ընդամենը 11.5% ունեն։ Գելափին չեն հավատում, թող իրենց հարցումներն անեն։ Ո՞ւմ են հավատում իրենք, մենակ իրենք իրենց։ Ակնհայտ է, որ հասարակության մեծամասնությունը չի հավատում ոչ իրենց, ոչ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինձ էլ բազմաթիվ մարդիկ ասում են՝ երբ ենք սրանցից ազատվելու։ Ի տարբերություն իրենց, ոչ ես, ոչ մեր պատգամավորները զինված կորտեժով չենք երթևեկում, մենք շփում ունենք հանրության հետ»։





























