Հայ–ռուսական հարաբերությունները, դրանց որակն ու մակարդակը գտնվում են խորը ճգնաժամի մեջ, վերջին 34 տարվա ընթացքում այդպիսի ճգնաժամի մոտ վիճակ էլ չի եղել։ Այս մասին NEWS.am–ի «Ուժի գործոն» հաղորդաշարի ժամանակ նշեց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Ավետ Ադոնցը։
«Սա անթույլատրելի ճգնաժամ է, որովհետեւ Ռուսաստանն իր ազդեցությունը, տեղն ու դերը ունի Հարավային Կովկասում։ Ռուսաստանի հետ մենք ունենք ավանդական ձեւավորված թե հարաբերություններ, թե համագործակցություն բոլոր ոլորտներում։ Վերցնել պատասխանատվություն ու ջարդել այդ ամենը, շատ անպատասխանատու քայլ է։ Դա բերում է Հայաստանի մեկուսացման։ Եթե առաջներում ՀՀ–ն ուներ բազմաշերտ անվտանգային համակարգ, բանակ, ՀԱՊԿ–ի ու Ռուսաստանի հետ ռազմական համագործակցություն, նաեւ Մինսկի խումբը, որոնք փոխլրացնող շերտեր էին, այսօր այդ ամենից մենք զրկված ենք։ Այսօր Ադրբեջանը պնդում է, որ Մինսկի խումբը դե յուրե վերանա, որովհետեւ վտանգը դեռ զգում է, որ Մինսկի խումբը դեռ շատ բան ունի ասելու, գնահատելու և առնվազն կարող է զբաղվել արցախցիների վերադարձի մասով։ Այդ նախաձեռնությունը կարող է լինել Հայաստանից եւ Հայաստանը պետք է գնա այդ քայլին։ Հայաստանը չի գնում դրան այսօր, բայց կարող է գնալ վաղը։ Այդ ժամանակ Մինսկի խումբն էլ պարտավոր կլինի քննարկել այդ օրակարգը և փորձել իրականացնել։
Ադրբեջանը փորձում է ոչնչացնել ցանկացած միջնորդի հնարավորությունը, որը կարող է հանդես գալ հայ–ադրբեջանական բանակցություններում և մենք գլուխներս կախ համաձայնում ենք դրան»,–ասաց Ադոնցը։
Նա նկատեց, որ ցանկացած երկրի հետ հարաբերությունները փչացնելը շատ հեշտ է, վերականգնելը՝ դժվար ու երկարատև. «Այսօր ՌԴ–ի հետ հարաբերությունները վերականգնել հնարավոր չէ, քանի որ վստահության մթնոլորտը հավասար է մինուս հարյուրի։











