Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը:
Հունվարի 6-ին` Ժամը 10:30-ին, խաչերով ու խաչվառներով պսակյալ հայրապետական թափորը շարժվեց Վեհարանից` Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդելով Մայր Տաճար, ուր տոնի առիթով մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ:
Ամպհովանակիրներն էին` գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը եւ գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: Սրբազան արարողության ժամանակ Նորին Սրբությանը որպես առընթերականներ սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը եւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Պատարագի Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով` վերստին փոխանցելով ամենքին հրեշտակաբարբառ ավետիսը:
Սբ. Պատարագից հետո Վեհափառ Հայրապետն ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության կատարեց Ջրօրհնեքի արարողությունը, որի ընթացքում աղոթքների ու շարականների ուղեկցությամբ ս. Խաչով օրհնվեց ջուրը եւ սրբագործվեց սրբալույս Մյուռոնով:
Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջին:
Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ:






























