NEWS.am–ը զրուցել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ։

Երեկ սոցցանցերում ակտիվորեն սկսեցին քննարկել ձեր հին գրառումներից մեկը, որտեղ դուք Արծրուն Հովհաննիսյանի հետ եք։ Չե՞ք մտծել այդ գրառումները ջնջելու մասին՝ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար։ Չէ որ, չնայած նրան, որ դա 5 տարվա վաղեմության գրառում է, շատերը չեն նայում հրապարակման տարեթվին։

Ես սկզբունքորեն չեմ հեռացնում որևէ գրառում, սա ազնվության և բարոյականության հարց է։ Ես այն հանրային գործիչներից չեմ, որը փորձում է  սրբագրել իր անցյալը, բոլոր իմ գրառումները իմ անցած ուղու մասին են, իսկ կյանքիդ գրքից էջերը չես կարող պոկել։ Այդ գրքի էջերը լի են պայքարով ու հաղթանակներով, և միաժամանակ, սխալներով ու պարտություններով։ Ես պատասխանատու եմ դրանց բոլորի համար, և հակված եմ ընդունել իմ սխալները, ոչ թե դրանք թաքցնել։

Բայց, չէ՞ որ այս լուսանկարը հիմա օգտագործում են Ձեր դեմ։

Եկեք անկեղծ լինենք՝ քաղաքականության մեջ միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ձեր դեմ օգտագործել ցանկացած չնչին առիթ, առավել ևս, որ ոչ մեկս անսխալական չենք և դրանից երաշխավորված չենք։ Մենք սակայն փորձեցինք վերլուծել, թե որտեղից է գալիս այդ ուղղորդված գրոհը՝ և պարզվեց, որ դա նախկին իշխանության թևերից մեկն է, իր լրատվամիջոցներով, բլոգերներով և ֆեյքերով։ Փաստորեն, ստացվում է, որ այս մարդիկ առերևույթ պայքարում են գործող վարչախմբի դեմ, սակայն փաստացի  լարվում են նրանից, որ հանրությունը սկսում է մեզ տեսնել որպես այդ վարչախմբի իրական այլընտրանք, և վարչախմբի դեմ պայքարը և մարդկանց իրական խնդիրները թողած, ընկած ձվի մեջ մազ են ման գալիս, 5 տարվա վաղեմության և վաղուց ժամկետանց գրառում են վերակենդանացնում, իրենց պատկերացմամբ, մրցակիցների վրա ցեխ շպրտելու համար։

Այսինքն, Դուք համարում եք սա իրական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու և ձեզ վարկաբեկելու փո՞րձ։

Այո, այդպես է, սակայն նաև կարծում եմ, որ հանրությունը ի վիճակի է տարբերակել հանրային գործչի իրական աշխատանքը և դիրքորոշումները, պատահական չի, որ ծավալված քննարկումներում բազմաթիվ մարդիկ հիշեցնում եմ, որ շատերն են այդ օրերին խաբվել Արծրուն Հովհաննիսյանի «հաղթական» հայտարարություններից։ Անձամբ ես շատ ցավում եմ, որ այդ մարդկանց թվում եմ եղել, քանզի որպես հանրային գործիչ պետք է ավելի քննադատաբար վերաբերվեի պաշտոնական տեղեկատվությանը։ Այն պահից սկսված, երբ համոզվել եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը մանիպուլացնում է հանրային գիտակցությունը, մեր հարաբերությունները խզվել են և այլևս երբեք չեն վերականգնվել։ Բոլոր դեպքերում, ես իսկապես սխալվել եմ իր վերաբերյալ իմ գնահատականներում, և դա ընդունում եմ։

Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց հիմա սա հիշվեց։

Թերևս, սա երկու պատճառ ունի՝ առաջինը, օբյեկտիվորեն, Արծրուն Հովհաննիսյանը վերջերս աչքի ընկավ աբսուրդային հայտարարությունների հերթական տարափով, և դա լավ առիթ է մեղադրել ցանկացած անձի, որը նրա հետ անցյալում որևէ աղոտ կապ է ունեցել։ Հիշեցնեմ, որ Արծրուն Հովհաննիսյանը եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության երկարամյա խոսնակը, փաստացի նախարարներ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, Դավիթ Տոնոյանի հիմնական խոսափողը, ուստի չեմ զարմանա, որ նրանց էլ հիմա ձեռաց մեղադրեն Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունների համար, թեև նրա հետ վաղուց ոչ մի կապ չունեն։ Մյուս կողմից, սա կարող է վկայել նաև նրա մասին, որ մեր քաղաքական գործունեությունը և աճող վարկանիշն արդեն խստորեն անհանգստացնում է որոշ շրջանակների, որոնք այլևս չեն գտնում խելամիտ քաղաքական գործիքներ արդար մրցակցության համար, և կառչում են այսպիսի անհեթեթ առիթներից՝ փորձելու մարդկանց մոտ կասկածներ սերմանել։ Մենք սակայն մեր գործունեության մեջ ընտրել ենք թափանցիկությունը, մեր սխալները չենք սրբագրում, ուրիշներին վարկաբեկելով չենք զբաղվում, ընդդիմադիր դաշտի բոլոր առողջ ուժերի հետ էլ համագործակցում ենք, սակայն նախկին կոռուպցիոներներին և նրանց արբանյակներին մերժում ենք, դա էլ թերևս բացատրում է այս ուղղորդած արշավը։

Դուք նշեցիք Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունները, ինչպե՞ս եք դրանց վերաբերվում։

Բնականաբար, խիստ բացասական։ Նախ, պատմությունը հնարավոր չի վերաշարադրել, և անել դատողություններ, թե ինչ կլիներ այն դեպքում, եթե Նացիստական Գերմանիան գրավեր Կովկասը, առնվազն անլուրջ է՝ շատ ավելի մեծ հավանականությամբ, կարող էր լինել ուղիղ հակառակը, և Հայաստանն ընդհանրապես վերանար քարտեզից։ Ինչը սակայն ավելի կարևոր է՝ ակնարկել, որ Հայաստանը կարող էր շահել Նացիստական Գերմանիայի հաղթանակից, առնվազն սրբապղծություն է՝ դա հրեշավոր, ցեղասպան և մարդատյաց ռեժիմ էր, որի հանցավոր գործունեության, սանձազերծած պատերազմների և բացահայտ ցեղասպանության արդյունքում 50 միլիոնից ավել մարդ է զոհվել, ներառյալ մոտ 300 հազար հայեր, և ակնկալել այդպիսի հրեշավոր ռեժիմից մեր ազգային հարցերի լուծում առնվազն խելագարությունն է, նույնն է ինչ դա ակընկալել երիտթուրքերից։ Առավել ցավալի է, որ դա արվում է Երկրորդ աշխարհամարտում դաշնակիցների հաղթանակի 80-ամյակի օրերին, դրանով փորձելով հայ ժողովրդի աչքերում նսեմացնել այդ հաղթանակը, և կասկածներ սերմանել այդ հաղթանակում սեփական վիթխարի զոհաբերության իմաստավորվածության վերաբերյալ։ Ցավում եմ, որ Արծրուն Հովհաննիսյանն է կրկին այստեղ աչքի ընկել, և դարձել մեր երկիրը զավթաց հանցավոր վարչախմբի խոսափողը, դա իրեն երբևիցե չի ներվելու։