Ծիրանի ողջ բերքը կարկուտից փչացել է, մեծ մասը թափվել է, որն էլ մնացել է ծառի վրա, երկար չի մնալու, թափվելու է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեցին Աղձք գյուղի բնակիչները։
Նրանք հայտարարում են, որ միտումնավոր հակակարկտային կայանները չեն աշխատել։
«Դեռ իշխանություններից ոչ ոք մեզ հետ չի կապվել, գյուղապետին ենք զանգահարել, ասել է՝ ներկայացրել եմ իրավիճակը, մինչև կեսօր սպասում ենք ինչ-որ մեկի արձագանքին։ Եթե մինչև կեսօր արձագանք չեղավ, ստիպված մի բան պիտի նախաձեռնենք, չենք էլ ուզում ճանապարհ փակել։
Հեսա, հյուսիս-հարավի կողքն ենք, ցանկացած պահի կարանք իջնենք, փակենք, բայց ուզում ենք, որ ավելի քաղաքակիրթ ձևով էս հարցին մոտենանք, մենք էլ իմանանք, որ մեզնով հետաքրքրվող կա, մենք մեզ լավ զգանք։ Եթե ոչ մի արձագանք չեղավ, գյուղով կորոշենք ինչ կանենք։
Վարչապետին մի բան կարամ ասեմ՝ պարոն վարչապետ, մենք դիմում ենք ձեզ, ամբողջ գյուղով համակարծիք ենք, վերահսկողություն գոյություն չունի, խնդրում ենք վերահսկողությունը ուժեղացնել։ Գուցե սա երրորդական խնդիր է ձեր համար, բայց սա շատ կարևոր հարց է երկրի համար, որ գյուղացու վերջին ապրուստը գետնով գնում է։
Մենակ ուզում ենք, որ չարագործը, որ այսպես ժողովրդին փաստի առաջ է կանգնեցնում, պատժվի, մենք մեզ լավ զգանք։
Մեծ ակնկալիքներ էլ չունենք, բայց գոնե եկող տարի այսպիսի խնդիր չունենանք։ Սրա մասին պետք է մտածել, լուրջ մտածել»,–ասաց գյուղացիներից մեկը։











