Մոսկվայի Բասմանյան դատարանը «Գոլոս» շարժման (ներառված է օտարերկրյա գործակալների ռեեստրում) համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեջ (Քրեական օրենսգրքի 284.1 հոդված), տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի քրեակատարողական գաղութում, ինչպես նաեւ դատարանը նրան արգելել է պատիժը կրելուց հետո ինը տարով զբաղվել հասարակական գործունեությամբ։ Ամբաստանյալի պաշտպանությունը խոստանում է բողոքարկել որոշումը։
Դատավոր Եվգենյա Նիկոլաեւան դատավճիռը չի հրապարակել՝ սահմանափակվելով դրա գործադիր մասով, ուստի դատարանի որոշման փաստարկումը հայտնի կդառնա ավելի ուշ։
Տեղեկացվել է, որ դատախազությունը Մելքոնյանցի համար պահանջել է վեց տարվա ազատազրկում՝ տասը տարի ժամկետով հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքով։ Սա նրան վերագրվող հոդվածով նախատեսված առավելագույն ժամկետն է։
Մեղադրող կողմի վարկածով՝ «Գոլոսը» (ընդգրկված է օտարերկրյա գործակալների ռեեստրում) «իրականում Ընտրությունների մոնիթորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) կառուցվածքային ստորաբաժանում է, որը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնությունում որպես անցանկալի կազմակերպություն, եւ Գրիգորի Մելքոնյանցը հանդես է եկել այդ կառույցների անունից եւ, մասնավորապես, ելույթ է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կլոր սեղաններում։
Ամբաստանյալի պաշտպանությունը պնդել է նրա լիակատար արդարացման մասին՝ նշելով, որ իրավաբանական անձ չհանդիսացող «Գոլոս» շարժումը (այն ընդգրկված է օտարերկրյա գործակալների ռեեստրում), ոչ մի կերպ չէր կարող դառնալ անցանկալի ENEMO-ի համահիմնադիրը, քանի որ դա հակասում է միջազգային կազմակերպության կանոնադրությանը։ Գրիգորի Մելքոնյանցն իր մեղքը չի ընդունել։




























