ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք երկրորդ չորսօրյա, երեք կանգառից բաղկացած շրջագայության երկրորդ օրը նրան մեծ շուքով ու ծնծղաներով են դիմավորել Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Նրա ժամանելուն պես դիմավորել են ուղտերով և կարմիր Cybertruck-ներով, հաղորդում է CNN-ը։

Կարմիր գորգի վրա ԱՄՆ նախագահին դիմավորել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին։ Թրամփի ավտոշարասյանը Դոհայի փողոցներով ուղեկցում էր կարմիր Tesla Cybertrucks մեքենաների շարասյուն՝ ի պատիվ նախագահի ավագ խորհրդական, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի։

Ամիրի Դիվանում՝ էմիրի վարչական շենքում, ավտոշարասյանը դիմավորել են տասնյակ ուղտեր և արաբական ձիեր։

«Մենք գնահատում ենք այս ուղտերին, ես վաղուց նման ուղտեր չեմ տեսել», - ասել է Թրամփը։ Էմիրը և ԱՄՆ նախագահը պաշտոնական ժամանման արարողության ժամանակ ունկնդրել են երկու երկրների ազգային օրհներգերը։ Թեյի արարողության ժամանակ շքեղ ոսկեզօծ աթոռներին նստած՝ էմիրը գովեստի խոսքեր է ասել իր հյուրին՝ նշելով, որ «չափազանց մեծ պատիվ է» և «շատ գոհ» է նախագահի այցից՝ նշելով, որ Թրամփը «առաջին ամերիկացի նախագահն էր, որը պաշտոնապես այցելեց Կատար»։

«Գիտեմ, որ դուք խաղաղասեր մարդ եք։ Գիտեմ, որ դուք ցանկանում եք խաղաղություն բերել այս տարածաշրջան։ Մենք բոլորս դա ենք ուզում, և հուսով ենք, որ այս անգամ կկարողանանք ճիշտ բան անել և խաղաղություն բերել տարածաշրջանում», - ասել է էմիրը։

Թրամփը պատասխանել է գովասանքին՝ էմիրին անվանելով իր ընկերը։