«Այսօրվա քաղաքական ռեժիմի պարագլուխը կորցրել է այն կապերը, որ նախկինում ուներ արևմուտքի հետ։ Խոսքը հատկապես Բայդենի վարչակազմի հետ հարաբերությունների մասին է, հիմա այդ հարաբերությունները չկան Թրամփի վարչակազմի հետ։ Նաև Մակրոնի հետ սիրալիր հարաբերություններն են սառեցված. Մակրոնը մի քանի անգամ հայտարարեց, որ Արցախի հարցում ինքն ավելի հայ է, քան Հայաստանում գործող ռեժիմի անդամները»։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանը։
«Այս պայմաններում նրանք փնտրտուքի մեջ են, ինչ–որ կիսաքայլեր են անում։ Մեկ դեպի ԵՄ գանալու կեղծ ստորագրահավաքի արդյունքներն են ներկայացնում, ապա վազում են Մոսկվա, որտեղ զորախումբ չեն տանում, և նստած դիմավորում են ադրբեջանական զորախմբի մուտքը Կարմիր հրապարակ։ Այս կիսաքայլերը խոսում են նրանց արտաքին քաղաքականության ձախողումների մասին, որոնք շարունակական են։ Ցավոք սրտի, սա ընդհանուր Հայաստանի վրա է անդրադառնում, եթե միայն իրենց վրա անդրադառնար, այլ հարց է»,–հավելեց նա։
Արմեն Մանվելյանի խոսքով, մայիսի 9-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։
«Հայաստանը ձախողել է իր արտաքին քաղաքականությունը։ Փորձեր են արվում Էրդողանի դուռը գնալու ուղղությամբ, որովհետև միայն Էրդողանը կընդունի նրանց, բայց հիմա նրա վիճակն էլ է ծանր։ Սրանք իսկապես նոր տիրոջ փնտրտուքների մեջ են, և խնդիրներ ունեն։ Հայաստանը արտաքին քաղաքականության առումով ոչ մի տեղ չէ, մենք գտնվում ենք անվտանգային վակումի մեջ, որն իր մեջ լրջագույն սպառնալիքներ է պարունակում»,–հավալեց Մանվելյանը։
Լրագրողի հարցին այն մասին, թե ինչու՞ է ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ, հատկապես եթե «Խաղաղության համաձայնագրի» տեքստն արդեն համաձայնեցված է, Արմեն Մանվելյանը պատասխանեց.
«Ադրբեջանի ազգի ինքնությունը հիմնված է հայատյացության վրա։ Նրանք հստակ կերպով ցույց են տալիս, որ ադրբեջանցի և հայատյաց բառերը հոմանիշներ են։ Հետևաբար նրանք պնդում են, որ այս պայմաններում Ալիևը չի կարող ստորագրել որևէ պայմանագիր։ Հայերի նկատմամբ ատելությունն արտահայտվում է նաև նրանց քաղաքականության մեջ։ Սրանք Արցախը նվիրեցին Ադրբեջանին, հիմա էլ նրանք Արևմտյան Ադրբեջանի թեզն են առաջ քաշում»։
Մանրամասները ՝տեսանյութում։











