ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի Իրանին սպառնալիք անվանել, քանի որ հենց Միացյալ Նահանգներն է վտանգ ներկայացնում Մերձավոր Արևելքի համար, քանի որ շահագրգռված է պատերազմ սկսելով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Թրամփը կարծում է, որ կարող է պատժամիջոցներ կիրառել մեր դեմ և սպառնալ մեզ։ Սակայն հենց նա է պատասխանատու տարածաշրջանում տեղի ունեցող հանցագործությունների և անկայունության համար։ Ո՞վ է սպանել 60 հազար մարդու Գազայում։ Ո՞վ է զրկում այս խեղճ մարդկանց ջրից և սննդից։ Դուք եք դա անում։ Թրամփ, դուք ասում եք, որ մենք սպառնալիք ենք, բայց դուք սպառնալիք չեք։ Դուք ասում եք, որ մենք արտադրում ենք հրթիռներ և ռումբեր, բայց ի՞նչ եք անում ինքներդ», - ասել է Փեզեշքիանն Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոընկերության եթերում։
«Ես չեմ ասում, որ մենք կատարյալ ենք։ Բայց դուք, ցուցաբերելով վախկոտություն, ցեղասպանություն եք իրականացնում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Ամերիկացիներին պատերազմ է պետք՝ իրենց զենքը վաճառելու համար։ Մեզ համար տարածաշրջանի բոլոր երկրները եղբայրներ են։ Մենք ձգտում ենք խաղաղության, իսկ ամերիկացիները՝ պատերազմի հրահրողներ։ Մենք ցանկանում ենք խաղաղ հարաբերություններ մեր բոլոր հարևանների հետ», - հավելել է Իսլամական Հանրապետության նախագահը։
Մայիսի 13-ին Թրամփը հայտարարեց, որ Իրանը, իբր, «ահաբեկչություն է սերմանում» Մերձավոր Արևելքում։ Եթե Թեհրանը «մերժի խաղաղությունը», ասաց նա, Վաշինգտոնը կմեծացնի ճնշումը նրա վրա՝ իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելով։ Նույն օրը ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կիրառեց Իսլամական Հանրապետության դեմ։





























