Երբ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարում էր քաղաքական վենդետայի մասին, նա նկատի ուներ, որ մենք մեր քաղաքական պարտավորությունները կկատարենք մինչև վերջ։ Մայիսի 16-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման միտք է արտահայտել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Դրա արդյունքում, այո՛, այդ մարդիկ (նկատի ունենալով ընդդիմությունը -խմբ.) քաղաքականապես կանհետանան», -պարզաբանել է Հովհաննիսյանը։
Ավելին, նա հայտարարել է, որ կիսում է իր գործընկերոջ տեսակետը։
Հարցին՝ կարծում է արդյոք, որ Արսեն Թորոսյանի դեմ նույնպես պետք է «վենդետտա» իրականացվի, Հովհաննիսյանը պատասխանել է. «Այս հարցին պատասխանելն անիմաստ եմ համարում։ Հարցի ձևակերպումը որևէ արդարացում չի կարող ունենալ։ Ի վերջո, քաղաքական վենդետաները և ընդհանրապես վենդետտաներն իրականացվում են այն անձանց նկատմամբ, որոնք ինչ-որ բանի համար մեղավոր են։ Ձեր հնչեցրած անուններն ընդհանրապես համեմատելի չեն»։
Ըստ պատգամավորի՝ Թորոսյանը նրանց հետ միասին պայքարում է Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար։
«Նա պայքարում է այն մարդկանց դեմ, որոնց մասին ինքն էլ խոսել է։ Հետևաբար, խնդրում եմ, մի՛ շփոթեք որոշակի մարդկանց անուններն ու վարքագիծը։ Դուք Լևոն Քոչարյանի արտահայտությունները համեմատում եք Արսեն Թորոսյանի խոսքերի հե՞տ։ Լևոն Քոչարյանն իր ամբողջ «շքեղությամբ» սեռական բնույթի հայհոյանք է արտաբերել, և դրան համաչափ պատասխան է տրվել»,-ընդգծել է խորհրդարանականը։





























