Երևանում 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով վնասվել են նաև այդ հատվածի տրոլեյբուսի լարերը. տրոլեյբուսների երթեկությունը խաթարվել է։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից։
Մեր թղթակցի փոխանցմամբ, այս պահին վթարի վայրում են քննիչները։
Ականատեսները մեր թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ վթարի հետևանքով տուժած 8 քաղաքացիներից 2-ը՝ անչափահաս երեխան ու նրա մայրը, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուս 6-ը՝ «Աստղիկ» ԲԿ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թիվ 23 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցներից մեկը դեռեւս չպարզված հանգամանքներում Սեբաստիայի փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել հարակից գազալցակայանին։ ՆԳՆ–ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 8 անձ է տուժել։











