Թուրքիան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից տարհանել է իր 82 քաղաքացու՝ զինված խմբավորումների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, հաղորդում է Ֆրանսպրեսը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
«Թուրքիա վերադառնալ ցանկացող ութսուներկու քաղաքացու օգնություն է ցուցաբերվել Լիբիայից մեկնելու հարցում և նրանց թույլատրվել է վերադառնալ տուն»,- ասել է աղբյուրը։
Նախօրեին Թուրքիայի դեսպանատունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ տարհանելու է իր քաղաքացիներին «Թուրքական ավիաուղիներ»-ի Ստամբուլ չվերթով Լիբիայի Միսրատա նավահանգստային քաղաքից, որը Տրիպոլիից մոտ 200 կիլոմետր արևելք է:
Գրառման մեջ նշվել էր, որ մայրաքաղաքից կկազմակերպվեն ավտոբուսային ծառայություններ։ Նախարարությունը մանրամասներ չի տրամադրել տուն վերադարձածների մասին կամ չի նշել, թե արդյո՞ք լրացուցիչ չվերթներ են նախատեսվում։
Լիբիայի մայրաքաղաքում երկուշաբթի ուշ երեկոյան բռնություն է սկսվել կառավարական ուժերի և հզոր զինված խմբավորումների միջև, որոնց կառավարությունը փորձում է վերացնել։
Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNSMIL) ուրբաթ հայտարարել է, որ հաջորդող օրերին տեղի ունեցած ծանր բախումների հետևանքով «առնվազն ութ քաղաքացիական անձ» է զոհվել, ինչը գործնականում դադարեցրել է օդային հաղորդակցությունը։





























