Իշխանությունների տեղեկություններով, առնվազն 27 մարդ է զոհվել անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, որոնք անցած հանգստյան օրերին տարածվել են ԱՄՆ Միջին Արևմուտքի ստորին հատվածից մինչև հարավ. ամենից շատ տուժել են Միսսուրի և Կենտուկի նահանգները, հաղորդում է NBC News-ը։

Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրն ասել է, որ եղանակի հետ կապված մահվան դեպքերի թիվը (նա դրանք վերագրել է մեկ տորնադոյի, որը, ինչպես սկզբնապես ենթադրվում էր, գիշերվա ընթացքում հասել էր EF3 մակարդակի) մինչև շաբաթ երեկո 14-ից հասել է 18-ի։

Նահանգապետը հայտնել է, որ 17 զոհվածները Լորել շրջանից էին, իսկ մեկը՝ Փուլասկի շրջանից։ Ըստ Բեշիրի, զոհվածներից մեկը Լորել շրջանի հրշեջ էր։ Միսսուրի նահանգի պաշտոնյաներն իրենց հերթին հայտնել են եղանակի հետ կապված մահվան յոթ դեպքի մասին՝ սկսած ուրբաթ օրվանից, այդ թվում՝ հինգը Սենթ Լուիս շրջանում և երկուսը՝ Սքոթ շրջանում։

Վիրջինիայում, որտեղ նահանգի որոշ շրջաններ ենթարկվել էին օդի նույնպիսի անկայունության, ամպրոպների և ուժեղ քամիների, երկու մարդ զոհվել է ծառերի տապալման հետևանքով, որոնք ընկել են տրանսպորտային միջոցների վրա, հայտնել են իշխանությունները։

Մարդկանց զոհվելու մասին հաղորդումներ են ստացվել Ֆերֆաքս շրջանում և Ֆորտ Հանթում, որը գտնվում է Ջորջ Վաշինգտոնի անվան հուշահամալիր պողոտայի հատվածում․ այն գտնվում է ԱՄՆ զբոսայգիների ոստիկանության իրավասության ներքո։

Բեշիրը խոստացել է, որ նահանգի ռեսուրսներն ուղղվելու են անբարենպաստ եղանակային պայմաններից տուժած Կենտուկիի բնակիչներին օգնություն ցուցաբերելուն։

Նա ասել է, որ 10 մարդ մնում է ծայրահեղ ծանր վիճակում՝ Կենտուկիում անբարենպաստ եղանակի հետևանքով ստացած վնասվածքներից հետո։