Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և Ադրբեջանի բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ղարաբաղում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Կիրակի օրը Ադրբեջանի Հանրապետության կողմից ազատագրված Ղարաբաղի շրջաններում մեկնարկել են «Արաս 2025»  կոդային անվանումով համատեղ զորավարժությունները։ Զորավարժությունները, որոնց կմասնակցեն ԻՀՊԿ ցամաքային զորքերի և Ադրբեջանի Հանրապետության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները, կտևեն մինչև մայիսի 21-ը», - գրում է իրանական լրատվամիջոցը։

Գեներալ Վալի Մադանին՝ ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալը գործողությունների գծով և համատեղ զորավարժությունների հրամանատարը, հայտարարել է, որ ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերը հատել են Իրանի հյուսիսարևմտյան Արդաբիլ նահանգի Բիլեհ Սավար ցամաքային սահմանային անցակետը՝ զորավարժություններին մասնակցելու համար, հաղորդում է Tasnim-ը։

«Այս զորավարժությունները կարևոր քայլ են ընդհանուր սահմանի անվտանգության ամրապնդման և հնարավոր սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ», - հավելել է նա։

Իրանն ու Ադրբեջանը նմանատիպ զորավարժություններ են անցկացրել ընդհանուր սահմանին 2024 թվականի նոյեմբերին։ Ադրբեջանական ռազմական պատվիրակությունն այցելել էր իրանական Արդաբիլ նահանգ՝  «Արաս-2024» զորավարժություններին հետևելու համար։