Առնվազն 17 մարդ է զոհվել կիրակի օրը հնդկական Հայդարաբադ քաղաքի շենքերից մեկում կարճ միացումից առաջացած հրդեհի հետևանքով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հրդեհը բռնկվել է առաջին հարկում և տարածվել շենքի վերին հարկերում։

Գործողությանը ներգրավված է եղել մոտ մեկ տասնյակ հրշեջ մեքենա, ասվում է Թելանգանայի հրշեջ պահպանության, աղետների արձագանքման, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի հայտարարության մեջ։

Հնդկաստանի լեռնահանքային արդյունաբերության նախարար Կիշան Ռեդդին, որն այցելել է ողբերգության վայր, հայտնել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը։

17 զոհվածների թվում եղել է մինչև 5 տարեկան վեց երեխա։