Լիբանանը հայտնել է, որ երկու մարդ, այդ թվում՝ զինծառայող, վիրավորվել են կիրակի օրը երկրի հարավում իսրայելական հարվածի հետևանքով, որտեղ բանակը տեղակայվել էր Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարից հետո, հաղորդում է AFP-ն։
«Զինծառայողը միջին ծանրության վիրավորում է ստացել իսրայելական հակառակորդի կողմից տրանսպորտային միջոցի գնդակոծության հետևանքով... Բինթ Ջբեյլի շրջանի Բեյթ Յահուն անցակետում», - ասվում է բանակի հայտարարության մեջ։
Բեյթ Յահունը գտնվում է սահմանից մոտավորապես ութ կիլոմետր հեռավորության վրա։ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկու մարդ, այդ թվում՝ զինծառայող, վիրավորվել են հարվածի հետևանքով, որը, ըստ նրա, հասցվել է իսրայելական անօդաչու թռչող սարքով և ուղղված է եղել տրանսպորտային միջոցի վրա։ Իսրայելի բանակը չի մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունը։
Իսրայելը շարունակում է հարձակումներ իրականացնել իր հարևանի վրա՝ չնայած նոյեմբերյան զինադադարին, որն ուղղված էր «Հեզբոլլահի» հետ ավելի քան մեկ տարի տևած մարտական գործողությունների դադարեցմանը, ներառյալ երկու ամիս տևած լայնամասշտաբ պատերազմը։




























