Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները որոշված են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Tasnim-ը։

Կիրակի օրը «Թեհրանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Արաղչին ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվն արդեն որոշված է և կհայտարարվի առաջիկայում։

Բանակցությունների հաջորդ փուլը, հավանաբար, տեղի կունենա մոտ ժամանակներս, հավելել է նա՝ ասելով, որ բանակցությունների ժամանակն ու վայրը կհրապարակվեն ավելի ուշ։

Այն հարցին, թե արդյոք Օմանն Իրանին որևէ հաղորդագրություն է փոխանցել ԱՄՆ-ից, արտաքին գործերի նախարարը պատասխանել է. «Մենք Օմանից որևէ գրավոր հաղորդագրություն չենք ստացել»։

Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ից ի վեր չորս փուլով բանակցություններ են անցկացրել Օմանի միջնորդությամբ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու նպատակով։