2011-ին Հայաստանի բռնցքամարտիկներից միայն Վլադիմիր Սարուխանյանին հաջողվեց պաշտոնական մրցաշարերում մրցանակային տեղ զբաղեցնել: Եվրոպայի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալի շնորհիվ գյումրեցի բռնցքամարտիկն առաջին անգամ ընդգրկվեց տարվա 10 լավագույն մարզիկների մեջ` զբաղեցնելով 9-րդ տեղը: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վլադիմիր Սարուխանյանի հետ:
Վլադիմիր, քո կարծիքով այս տարի մեր բռնցքամարտիկները ինչո՞ւ անհաջող հանդես եկան աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:
Ինչպես գիտեք, այս տարվա Եվրոպայի առաջնությունը կայացավ Թուրքիայում, իսկ աշխարհի առաջնությունն` Ադրբեջանում: Այդ պատճառով մենք որոշակի հոգեբանական խնդիրներ ունեցանք այդ մրցաշարերի ժամանակ: Հատկապես հոգեբանական ծանր վիճակում էինք հայտնվել Ադրբեջանում, որտեղ ամենուր մեզ ուղեկցում էին անվտանգության աշխատակիցները, մշտապես լարված էինք, զգուշանում էինք, որ կարող են սադրանքներ հրահրել մեր դեմ: Բոլորս էլ ֆիզիկապես լավ էինք պատրաստվել այդ մրցումներին, սակայն հոգեբանական գործոնի պատճառով չկարողացանք ցույց տալ մեր ներուժը:
Ինչպե՞ս ես գնահատում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու քո հնարավորությունները:
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում, 60 կգ քաշային կարգում, ուր հանդես եմ գալիս, խաղարկվելու է չորս ուղեգիր: Հաշվի առնելով այն, որ այդ մրցումները կրկին կայանալու են Թուրքիայում, որտեղ արդեն մեդալ եմ նվաճել` ես բարձր եմ գնահատում իմ հնարավորությունները: Համենայնդեպս, ամեն ինչ անելու եմ Հայաստանին Օլիմպիական խաղերի ուղեգիր պարգեւելու համար:
Զրուցեց Գագիկ Հովսեփյանը



























