Երեք ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի արևելյան հատվածում գտնվող Էլ-Մայադին քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ որոտացած պայթյունի հետևանքով, հայտնում է Sana-ն։

«Կիրակի օրը, ժամը 19:13-ին Էլ-Մայադինի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել։ Նախնական քննությունն ու դեպքի վայրի զննությունը ցույց են տվել, որ պայթյունն առաջացել է պայթուցիկներով լցված մեքենայի պայթյունից, ինչի հետևանքով զոհվել է ընդհանուր անվտանգության ծառայության երեք աշխատակից և մի քանի մարդ վիրավորվել է», - ասվում է Էլ-Մայադին շրջանի տնօրեն Խալիլ Աբդուլ-Մոնեիմ Ալ-Այուբի հայտարարության մեջ։

«Անվտանգության ուժերն ու ոստիկանությունը շտապել են շրջափակել պայթյունի վայրը և ավարտել հետաքննությունը։ Մենք վստահեցնում ենք մեր ժողովրդին Ալ-Մայադինում, որ դավաճան ձեռքը պատժից չի խուսափի, և որ մենք զգոնություն ենք ցուցաբերում՝ պաշտպանելու երկիրն ու նրա ժողովրդին», - հավելել է նա։