Աշխարհի տարբեր երկրներում հաճախացել են կրիպտոարժույթների սեփականատերերի վրա հարձակման դեպքերը, հանցագործները փրկագնի դիմաց պահանջում են թվային ակտիվների փոխանցում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը։
Ըստ պարբերականի, զոհ են դառնում ինչպես ներդրողները, այնպես էլ կրիպտոընկերությունների ղեկավարներն ու նրանց ընտանիքի անդամները։ Ֆրանսիայում դիմակավորված անհայտ անձինք փորձել են առևանգել Paymium կրիպտոբորսայի ղեկավարի դստերը՝ զենքով սպառնալով նրան և նրա երեխային։ Հարձակումը հաջողվել է կանխել կնոջ ամուսնու և հարևանների միջամտության շնորհիվ։ Պարբերականը նշում է, որ նման հանցագործությունները դառնում են առավել կազմակերպված. չարագործներն օգտագործում են գաղտնագրված մեսենջերներ և գործում են նախապես մշակված սխեմաներով։
Տուժածների թվում են բլոգերներ և ներդրողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ավստրալիայից։ Առևանգման որոշ զոհերի ծեծել են և նույնիսկ խոշտանգել։ Մասնավորապես, առևանգողները կտրել են Ledger ընկերության նախկին ղեկավար Դևիդ Բալանի մատը՝ պահանջելով 10 միլիոն եվրոյի չափով փրկագին։ Փորձագետները նման հանցագործությունների աճը կապում են թվային արժույթների թանկացման և կրիպտոընկերությունների տվյալների բազաներից անձնական տվյալների արտահոսքի հետ։





























