Հայաստանը Կիպրոսին առաջարկել է բարձրացնել համագործակցության մակարդակը՝ այն հասցնելով ռազմավարական գործընկերության։ Այս մասին մայիսի 19-ին Երևանում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը դրական է ընդունել այս առաջարկը։
Սիմոնյանը նաև հայտնել է, որ Դիմիտրիուի հետ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր։
«Մենք նաև առաջարկել ենք մեր համագործակցության մակարդակը բարձրացնել մինչև ռազմավարական գործընկերության մակարդակ։ Եվ տիկին Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին»,- ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը։
Կողմերը քննարկել են նաև տարբեր միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցության հարցերը։
«Դիմիտրիուն Հայաստանի ամենավառ ու անկեղծ բարեկամներից է միջազգային հարթակներում։ Այն հարթակներում, որտեղ ներկայացված է իմ գործընկերը, մենք երկու խոսափող ունենք, ինչի համար շատ շնորհակալ եմ թե՛ տիկին Դիմիտրիուին, թե՛ մեր բարեկամ Կիպրոսին։ Հայաստանը նույնպես միշտ Կիպրոսի և կիպրացի ժողովրդի կողքին է»,- հայտարարել է Սիմոնյանը։





























