Իսլամական Հանրապետության հետախուզության հարցերով նախարար Հեյդար Մոսլեհին հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ օգտին լրտեսություն իրականացնելու համար ձերբակալվել են մի քանի կասկածյալներ: Նրանց մեղադրանք է ներկայացվել նաեւ մարտի 2-ին նշանակված ընտրությունները խոչընդոտելու փորձի կապակցությամբ:
Նախարարի խոսքով` ձերբակալվածներն իրար հետ կապ են պահպանել համացանցի միջոցով: Ձերբակալվածների թվի, նրանց անունների կամ այլ տվյալների մասին տեղեկատվություն առայժմ չկա, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Օրմուզի նեղուցի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Դեկտեմբերի վերջին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ կարգելափակեն նավերի անցումը Օրմուզի նեղուցով, որը Պարսից ծոցի նավթային գլխավոր անցուղին է, եթե Արեւմուտքը շարունակի ԻԻՀ նավթարդյունաբերության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Այդ հայտարարությանը հաջորդեց Օրմուզի նեղուցի շրջակայքում իրանական ռազմածովային ճակատի զորավարժանքների ընթացքում ամերիկյան հարվածային խմբի (ավիակիրը ռազմանավերի խմբի ուղեկցությամբ) մուտքը:
Նախօրեին Պենտագոնի ղեկավարությունը Իրանի կողմից նեղուցի փակման պարագայում խոստացել է ծայրահեղ միջոցների դիմել: «Մենք դա չենք հանդուրժի: Եթե նրանք փակեն նեղուցը, մենք պատասխան հարված կհասցնենք», -հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լ. Պանետան:



























