Հերթական «Մետրոյում առանց անդրավարտիքի» խմբակցության մասնակիցների ակցիան Improv Everywhere անվան տակ տեղի է ունեցել ամբողջ աշխարհում հունվարի 8ին: Հասարակական տրանսպորտում առանց անդրավարտիքի եւ կիսաշրջազգեստի երթեւեկել են աշխարհի 60 քաղաքների բնակիչներ:
Կազմակերպիչները միջոցառումը համակարգում են Facebook եւ այլ սոցիալական ցանցերի միջոցով: Մասնակիցների նկատմամբ պահանջները շատ պարզ են: Առաջին` «մետրոյում անդրավարտիքը հանելու ցանկություն ունենալ», երկրորդ` «կարողանալ իրեն պահել այնպես, կարծես ոչինչ չի եղել», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնակիցներն ասում են, որ ակցիայի էությունը ուրախ ժամանակ անցկացնելն է: «Մենք ուրախ կլինենք, եթե մեր արտաքին տեսքը ստիպի որեւէ մեկին ժպտալ կամ ծիծաղել, կամ էլ նույնիսկ աշխարհին նայել նոր աչքերով»,- հայտարարում են երիտասարդները:
Լոնդոնում «մերկ երթին» մասնակցել է 15 մարդ: Նման խոշորագույն միջոցառում անցկացվում է Նյու Յորքում, որտեղ ստեղծվել է Improv Everywhere խումբը, եւ որտեղ 2002 թվականին անցկացվել է «Մետրոյում առանց անդրավարտիքի» առաջին ակցիան:
Այդ ժամանակից ի վեր մետրոյում առանց անդրավարտիքի եւ կիսաշրջազգեստի երթեւեկումը կազմակերպվում է ամեն տարվա հունվարի սկզբին: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ 2011 թվականին Նյու Յորքում առանց անդրավարտիքի մետրո է եկել 3,5 հազար մարդ:




























